«Ֆերմերային գործունեությունը՝ որպես բիզնես» դասընթաց Լոռու մարզի սկսնակ ֆերմերների համար

Ինքնազբաղվածությունը խթանելու նպատակով «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում ս․թ․ մարտի 26-ից մեկնարկել է մեկամսյա «Ֆերմերային գործունեությունը՝ որպես բիզնես» թեմայով պրակտիկ դասընթաց և խորհրդատվություն Լոռու մարզի ֆերմերային տնտեսություն վարող և ֆերմերային գործունեությունը նոր սկսած անհատների համար՝ բարելավելու վերջիններիս բիզնեսի պլանավորման, վարման ու որոշումների կայացման գիտելիքներն ու կարողությունները:

Դասընթացի ընթացքում ֆերմերները սովորեցին, թե ինչպես պլանավորել և հիմնել ֆերմերային տնտեսությունը, արդյունավետ կառավարել սահմանափակ ռեսուրսների դեպքում, ուսումնասիրել շուկաները, ավելացնել եկամուտները և վերլուծել գործունեության «թվերը»։

Դասընթացից հետո ծրագրի մասնակիցներն անհատական մասնագիտական ու բիզնես խորհրդատվություն են ստանում իրենց գործունեության համար ֆերմայի զարգացման ծրագիր կազմելու, այն ավարտուն տեսքի բերելու և ընտանեկան գործունեությունից  բիզնեսի անցնելու քայլերի վերաբերյալ։

Uncategorized

Գորիսի գյուղատնտեսական քոլեջի ՄԱՎԵՏԱ ծրագրի գործընկերներին անասնաբուժության ուսումնառության առաջադրանքների ներկայացում և քննարկում

«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում ապրիլի 10-ին «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԿ) ՀԿ-ն կազմակերպեց անասնաբուժության ուսումնառության առաջադրանքների ներկայացում և քննարկում Գորիսի գյուղատնտեսական քոլեջի դասավանդողների, դուալ ուսուցմամբ քոլեջի հետ համագործակցող անասնաբույժ/մենթորների մասնակցությամբ։

Միջոցառմանն ողջույնի խոսքով հանդես եկավ ՄԱՎԵՏԱ ծրագրի խորրհրդատու՝ Լիլիթ Բեգլարյանը և ընդծեց աշխատաժողովին ներկա կառույցների սերտ համագործակցության կարևորությունը դուալ կրթության իրականացման գործում, որը հաջողության հասնելու գրավականն է։

Այնուհետև, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի  անասնաբույժ/փորձագետ՝ Միքայել Հայկունին մասնակիցներին ներկայացրեց անասնաբուժություն մասնագիտության դուալ կրթության գործնական աշխատանքի ուսումնառության առաջադրանքները, որոնք մշակվել էին Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) փորձագետների աջակցությամբ։ Նա նաև նշեց փաստաթղթերի՝ որպես գործիք, կիրառելու կարևորությունը աշկերը-դասավանդող-գործատու համագործակցության ժամանակ։

Քոլեջի դասավանդողներն ու մենթորները ակտիվ քննարկեցին յուրաքանչյուր ուսումնառության առաջադրանք և առաջարկություն արվեց քննարկման հիման վրա վերանայել դրանք՝ ըստ ուսումնական ծրագրի մոդուլների։

Uncategorized

Տեխնիկական աջակցություն Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջին

«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում շարունակում ենք նպաստել գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը։

«Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ն  ՄԱՎԵՏԱ ծրագրի շրջանակում  վերազինեց Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջնը` տրամադրելով  նոր համակարգիչներ և լաբորատոր սարքավորումներ։

Այս ժամանակակից տեխնիկայի կիրառումը թույլ կտա դասավանդողներին ուսուցումն իրականացնել՝ կիրառելով նորարարական և ինտերակտիվ մեթոդներ: Լաբորատոր սարքավորումների առկայությունը կնպաստի կաթի և կաթնամթերքի տեխնոլոգ մասնագիտության նկատմամբ հետաքրքրվածության՝ մոտիվացիայի բարձրացմանը:

Ոլորտում կատարված ներդրումը հնարավորություն կընձեռի բարելավել ուսանողների գիտելիքներն ու հմտությունները՝ աշխատաշուկայում ավելի մրցունակ մասնագետ դառնալու համար։

ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿն, Իզմիրլյան հիմնադրամը, «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿն և «Վանանդ Ագրո» ՓԲԸն:

Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական զարգացման գործակալությունը (GIZ) և Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿն՝ ՌԶԳի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ:

Uncategorized

Այց Գորիսի հանրակրթական դպրոցներ՝ մասնագիտական կողմնորոշման նպատակով

Ս.թ․ ապրիլի 10-ին «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում կազմակերպվեց կարիերայի կողմորոշման և մասնագիտության ուղղորդման այց՝ ՀՀ Սյունիքի մարզի, Գորիս համայնքի թիվ 2 և Յու․ Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցներ։

Այցն անցկացվեց ՄԱՎԵՏԱ ծրագրի գործընկեր՝ Գորիսի պրոֆեսոր Խ.Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի հետ համատեղ։ Այցի ընթացքում ՄԱՎԵՏԱ ծրագրի ՄԿՈՒ խորհրդատու՝ Լիլիթ Բեգլարյանը ներկայացրեց ՄԱՎԵՏԱ ծրագիրը և դուալ ուսուցման առավելությունները։

Այցին ներկա էին նաև մասնավոր հատվածի գործընկեր՝ «Էլոլա» ընկերության տնօրեն Հարություն Ծատրյանը, ով ներկայացրեց մարզում կաթի և կաթնամթերքի տեխնոլոգ մասնագիտության նկատմամբ պահանջարկը և դուալ մոտեցմամբ կրթական համակարգի ընձեռած հնարավորությունները։

«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կենդանիների առողջության և բուծման մասնագետ Միքայել Հայկունին խոսեց անասնաբուժության ոլորտում երիտասարդ կադրեր ներգրավվելու անհրաժեշտության մասին և ներկայացրեց մասնագիտության կարևորությունը հանրային առողջության պահպանման տեսանկյունից։

Երկու հանդիպումներին ներկա էին 80-ից ավելի աշակերտ, որոնք հանդես եկան իրենց հետաքրքրող հարցերով՝ ընդունելության կարգի և ներկայացված մասնագիտությունների ուսուցման տևողության վերաբերյալ։

Uncategorized

Գյուղատնտեսությունում ներգրավված և ոլորտի բարելավմանն ու զարգացմանը նպաստող «Կանանց մեծարման երեկո» միջոցառում

Ս․թ․ ապրիլի 8-ին տեղի ունեցավ գյուղատնտեսությունում ներգրավված և ոլորտի բարելավմանն ու զարգացմանը նպաստող «Կանանց մեծարման երեկո» միջոցառումը։

Միջոցառումը կազմակերպվել էր «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում։

ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն: Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական զարգացման գործակալությունը (GIZ) և Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն՝ ՌԶԳ-ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ:

Միջոցառման նպատակն էր խթանել ՄԱՎԵՏԱ ծրագրի կողմից ընտրված մասնագիտությունները, ընդլայնել կանանց ներգրավվածությունն ոլորտում, բարձրացնել նրանց դերն ու հնարավորություն ընձեռել կապեր հաստատելու միմյանց հետ:

Միջոցառումը մեկնարկեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ՝ Արմենուհի Պողոսյանի ողջույնի խոսքով, ով կարևորեց կրթության դերը գյուղատնտեսության զարգացման գործում և ներկայացրեց ՄԱՎԵՏԱ ծրագրի շրջանակներում դուալ ուսոցմամբ ներդրվող գյուղատնտեսական մասնագիտությունները, որը հնարավորություն կտա ուսանողներին արդեն հմտացած մուտք գործել աշխատաշուկա՝ նպաստելով համայնքների զբաղունակությանը։

Տիկին Պողոսյանին հաջորդեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ՝ Տաթևիկ Սարգսյանը, ով կարևորեց կանանց դերը գյուղատնտեսության ոլորտում և նշեց, որ տեղական արտադրանքի մեծ մասը ապահովվում է ոլորտում գործունեություն ծավալող կանանց կողմից։ «Թող Ձեր կյանում միշտ լինեն մասնագիտական հաջողություններ, շարունակեք ազնվորեն և անմնացորդ ծառայել հայրենիքին և նրա առաջընթացին»,-ասաց տիկին Սարգսյանը։

HEKS/EPER կազմակերպության ՄԿՈՒ խորհրդատու՝ Մոնիք Ֆրեյը ներկայացրեց Շվեյցարիայի փորձն ու կանանց քաղաքական և սոցիալական կյանքում ներգրավման համար իրականացվող ծրագրերը։

ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Սոնա Ծառուկյանն իր խոսքում կոչ արեց երիտասարդներին մասնագիտություն ընտրելիս հետևել սրտի թելադրանքին և առաջարկ կատարեց նմանատիպ միջոցառումներին հրավիրել նաև տղամարդկանց՝ գյուղատնտեսությունում կանանց դերը էլ ավելի կարևորելու համար։

Միջոցառման ընթացքում կաթի և կաթնամթերքի տեխնոլոգ, անասնաբույժ և ֆերմեր մասնագիտություն ունեցող յոթ կին ներկայացրեցին իրենց հաջողության պատմությունները։

Միջոցառման ընթացքում պանելային քննարկման միջոցով ՀՀ Էկոնոմիկայի նախարարության սննդամթերքի անվտանգության վարչության պետ՝ Մելանյա Կարապետյանի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ՝ Արմենուհի Պողոսյանի և մասնավոր հատվածի ներկայացուցիչ, կին ձեռներեց «Լոռվա Կաթ» ընկերության համահիմնադիր Անուշ Սուքիասյանի կողմից ներկայացվեցին և քննարկվեցին կանանց համար գյուղատնտեսությունում առկա մարտահրավերներն ու դրանց հաղթահարման ուղիները։