ՀՀ Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի անասնաբույժների համար կազմակերպվեց վերապատրաստման դասընթաց

2021 թվականի փետրվարի 13-15-ին «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի  կողմից իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս» և «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրերի շրջանակներում ՀՀ  Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի անասնաբույժների համար կազմակերպվել էր վերապատրաստման դասընթաց հետևյալ թեմաներով՝ «Մեկ առողջություն» մոտեցում, մարդկանց և կենդանիների հիվանդությունների հսկողության հիմնական մեթոդաբանական նկատառումները, զոոնոզ հիվանդություններ, դրանց հանրային առողջապահական նշանակությունը, պայքարի և կանխարգելման միջոցառումները, COVID-19 համավարակ, ՀՀ-ում զոոնոզ հիվանդությունների համաճարակաբանական հսկողությունը կանոնակարգող իրավական դաշտը: Դասընթացի ընթացքում մասնակիցներին ներկայացվեց զոոնոզ հիվանդությունների հետևանքներն ու մեկ առողջություն  գաղափարի կարևորությունը:

Անցկացվեց «Գործողությունների և հմտությունների վրա հիմնված ուսուցման խթանում» թեմայով երկրորդ դասընթացը

2021 թ. փետրվարի 9 – 11-ը «Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ «Գործողությունների և հմտությունների վրա հիմնված ուսուցման խթանում» թեմայով երկրորդ՝ հաջորդող դասընթացը:

Նշված ծրագիրն իրականացնում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպությունը` Կիրառական գիտությունների Բեռնի համալսարանի գյուղատնտեսության, անտառային և պարենային գիտությունների դպրոց (HAFL)-ի հետ համատեղ, HEKS/EPER կազմակերպության աջակցությամբ:

Դասընթացին մասնակցեցին Գորիսի պրոֆեսոր Խ. Երիցյանի անվան գյուղատնտեսական քոլեջի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղի 14 դասախոսներ:

Դասընթացի հիմնական նպատակներն էին աջակցել դասախոսներին դասավանդման գործընթացում  կիրառել տարբեր ուսուցման ձևեր, զարգացնել նոր գաղափարներ դասավանդումն առավել արդյունավետ կազմակերպելու և ուսանողների մոտ անհրաժեշտ կարողություններ զարգացնելու համար, մշակել հստակ կառուցված և պատկերավոր PowerPoint ներկայացումներ՝ ուսանողների համար համապատասխան առաջադրանքների սահմանմամբ, դասավանդման ընթացքում կիրառել «Խնդրի վրա հիմնված ուսումնառության» հաջորդական քայլերը և առավել արդյունավետ դարձնել ուսանողների գնահատման գործընթացը: Դասընթացի ավարտին մասնակիցներին շնորհվեց մասնակցության հավաստագիր:

Առցանց կայացավ «Հայաստանում արոտավայրերի և խոտհարքների քարտեզագրում» նախագծի մեկնարկային աշխատաժողովը

Սույն թվականի փետրվարի 10-ին առցանց կայացավ «Հայաստանում արոտավայրերի և խոտհարքների քարտեզագրում» նախագծի մեկնարկային աշխատաժողովը, որին մասնակցեցին բնական կերհանդակների ոլորտին առնչվող նախարարությունների, տարածքային կառավարման մարմինների, ինչպես նաև գիտական կառույցների, տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Նախագիծը իրագործվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող ECOserve բնապահպանական ծրագրի շրջանակներում: Աշխատանքներն իրականացվում են Գերմանական օդատիեզերական կենտրոնի և Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոնի (ԱՀԿՄԿ) կողմից, պիլոտային մասը՝ Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ի կողմից, ՀՀ էկոնոմիկայի և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների հետ սերտ համագործակցությամբ:

Միջոցառման սկզբում մասնակիցներին ողջունեցին և բեղմնավոր աշխատանք մաղթեցին ՀՀ Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարարության   տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ ` Աշոտ Գիլոյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետ՝ Իռա Փանոսյանը, ECOserve ծրագրի ղեկավար՝ Թոբիաս Վիթմանը և ԱՀԿՄԿ (ICARE) հիմնադրամի տնօրեն՝ Արթուր Գրիգորյանը: Քննարկմանը միացել էր նաև ՀՀ Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ՝ Վաչե Տերտերյանը, ով կարևորեց ներկայացված նախաձեռնությունները և պատրաստակամություն հայտնեց աջակցել ներկայացված ծրագրերին:

Խոսնակները մատնանշեցին «Հայաստանում արոտավայրերի և խոտհարքների քարտեզագրում» նախագծի կարևորությունը և հույս հայտնեցին, որ ծրագիրը կնպաստի արոտների էլ ավելի լավ ու կայուն կառավարմանը:

Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեց Հայաստանի արոտավայրերի և խոտհարքների քարտեզագրման գործընթացը, Հայաստանում արոտավայրերի և խոտհարքների տարածվածության, վիճակի և կենսազանգվածի և բեռնավորման քարտեզագրման նախագիծը, GrassAM նախագծի նախնական արդյունքները, Լոռու և Շիրակի մարզերում արոտների և խոտհարքների քարտեզների փորձարկման պիլոտային ծրագիրն ու ակնկալվող արդյունքները:

Անցկացվեց վերապատրաստման դասընթաց «Կաթի ընդունում և վերամշակում, Լոռի և Չանախ պանիրների պատրաստման տեխնոլոգիա» թեմայով

2020թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2021թ. հունվարի 27-ը ՀՀ Լոռու և Սյունիքի մարզերում Ստեփանավանի և Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջների կողմից կազմակերպվել էր կարճաժամկետ վերապատրաստման դասընթաց «Կաթի ընդունում և վերամշակում, Լոռի և Չանախ պանիրների պատրաստման տեխնոլոգիա» թեմայով: Կարճաժամկետ դասընթացը հատուկ մշակվել էր Աշխատանքի վրա հիմնված (ԱՀՈՒ) կրթական մոդելի տարրերի ներառմամբ՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Համագործակցության խթանում՝ հանուն ՄԿՈՒ ոլորտում Աշխատանքի վրա հիմնված ուսուցման արդյունավետ հնարավորությունների» ծրագրի շրջանակներում:

Դասընթացի նպատակն էր մասնակիցների մոտ ձևավորել և զարգացնել անհրաժեշտ մասնագիտական հմտություններ ու կարողություններ կաթի և կաթնամթերքի վերամշակման, ինչպես նաև պանրագործության ոլորտում:

Դասընթացի ավարտին մասնակիցները հանձնեցին համապատասխան քննություն, որից հետո հաջողությամբ ավարտած մասնակիցներին տրվեցին հավաստագրեր:

Կազմակերպվեց «Գործողությունների և հմտությունների վրա հիմնված ուսուցման խթանում» թեմայով դասընթաց

2021 թ. հունվարի 19-ին և 20-ին «Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ «Գործողությունների և հմտությունների վրա հիմնված ուսուցման խթանում» թեմայով դասընթացը:

Նշված ծրագիրն իրականացնում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպությունը (ՌԶԳ ՀԿ)` Կիրառական գիտությունների Բեռնի համալսարանի գյուղատնտեսության, անտառային և պարենային գիտությունների դպրոց (HAFL)-ի հետ համատեղ, HEKS/EPER կազմակերպության աջակցությամբ:

Դասընթացին մասնակցեցին Գորիսի պրոֆեսոր Խ. Երիցյանի անվան գյուղատնտեսական քոլեջի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղի 14 դասախոսներ:

Դասընթացի հիմնական նպատակներն էին օգնել դասախոսների կողմից առաջիկա մեկ ամսվա ընթացքում կազմակերպվելիք դասերի հստակ նպատակների ձևակերպմանը և դրանց հասնելուն նպաստող առաջադրանքների մշակմանը, աջակցել ուսուցման բովանդակությունը ներկայացնելու տարբեր մոտեցումների կիրառմանը՝ դասի պլանում ներառելով գործողությունների և մեթոդաբանության տարբեր եղանակներ, նպաստել դասընթացի ծրագրում տարբեր գործողություններով և մեթոդներով տեսական ուսուցման և  ընկերությունում պրակտիկայի փոխկապակցվածությանը և գործնականում հանդիպող խնդիրների և մարտահրավերների վերաբերյալ առաջադրանքների մշակմանը: