44-ամյա Աննա Ղազարյանը մեկն է այն երիտասարդ ֆերմերներից, ովքեր «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) հասարակական կազմակերպության կողմից իրականացվող և «Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության» (ՇԶՀԳ) կողմից ֆինանսավորվող «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի շրջանակներում մասնակցել են դասընթացների, փոխանակումով այցելությունների և ստացել անհատական խորհրդատվություն անասնապահության, ֆերմայի կառավարման և բիզնեսի պլանավորման ոլորտում:
Աննան իր երկու երեխաների և ամուսնու հետ ապրում է Վայոց ձորի մարզի Ելփին գյուղում: Աննայի ընտանիքը, ինչպես բոլորը գյուղում, զբաղվում էր անասնապահությամբ: Նրանք հիմնականում կիրառում էին անասնապահության ավանդական մեթոդներ, որոնք բավարար էին միայն ընտանիքի հիմնական կարիքները հոգալու համար: Աննան նշում է, որ ծրագրի շրջանակներում կարողությունների զարգացմանն ուղղված դասընթացների ընթացքում ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները նրան թույլ են տվել ոչ միայն տեսնել իրենց քրտնաջան աշխատանքի արդյունքը, այլև նպաստել են վստահության և ինքնագնահատականի ձևավորմանը:
«Ես իմ ամենօրյա աշխատանքում կիրառում եմ ստացված բոլոր գիտելիքները և կարող եմ փաստել, որ կենդանիների կերակրման և ֆերմայի կառավարման դրական արդյունքները ակնհայտ դարձան մի քանի ամսվա ընթացքում: Եթե նախկինում երկու ամսական հորթը կշռում էր 60 կիլոգրամ, ապա այսօր երկու ամսական հորթը կշռում է մինչև 80 կիլոգրամ»,-նշեց Աննան ՝ շեշտելով, որ այս արդյունքները ձեռք են բերվել կենդանիների կերակրման և խնամքի վերաբերյալ նոր գիտելիքների և մասնագիտական խորհուրդների շնորհիվ: Աննան արդեն փորձարկել է արհեստական սերմնավորում (ԱՍ) իր ֆերմայում, գնել է կթի սարքավորումներ և կերային ճակնդեղ, որոնց օգնությամբ մեկ կենդանու միջին կաթնատվությունը օրական 10-12 լիտրից դարձել է 12-15 լիտր: Իր տքնաջան աշխատանքի շնորհիվ Աննան ընդամենը մեկ տարվա ընթացքում կաթնատու կենդանիների գլխաքանակը երկուսից հասցրեց հինգի: Նա պայմանագիր է կնքել «Ելփին գյուղատնտեսական կոոպերատիվի» հետ`կաթի հանձման նպատակով: Վերջին 12 ամիսների ընթացքում կաթի և մսի վաճառքից արդեն ստացել է 800.000 դրամի եկամուտ: Աննան ունի հետագա ծրագրեր, այդ թվում` անասնակերի գնում, ցեղային կենդանիների թվի ավելացում և անասնագոմի տարածքի ընդլայնում: Նա արդեն քայլեր է ձեռնարկել դրանք իրականացնելու ուղղությամբ: Աննան օրինակ է դարձել նաև մյուս գյուղացիների համար, և նրանք սկսել են հետևել նրա օրինակին: Նրանք խորհուրդներ են հարցնում՝ հասկանալու համար, թե ինչպես է նա հաջողության հասել և փորձում են նույն գործելակերպը ներդնել նաև իրենց տնտեսություններում: