ProjectPortfolioARM

«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (MAVETA)

«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (MAVETA) լայնածավալ ծրագիրը, նպատակաուղղված կին և տղամարդ ֆերմերների բարելավված գիտելիքի և հմտությունների շնորհիվ նպաստելու գյուղատնտեսության բարձր արտադրողականությանը, եկամուտների աճին և գյուղատնտեսության ու հարակից ոլորտներում (ինքնա)զբաղվածության բարձրացմանը, մեկնարկել է 2021 թվականի դեկտեմբերին:

Ծրագիրը կխթանի Հայաստանում աշխատանքի վրա հիմնված ուսուցման համակարգի կայացմանը, ինչը ենթադրում է, որ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում տեսական գիտելիքներ ստանալու հետ մեկտեղ ուսանողները հնարավորություն կստանան կատարելագործել իրենց հմտությունները տեղական ընկերություններում և ֆերմերային տնտեսություններում, որոնցից մեկը հանդիսանում է Հայաստանում ընկուզեղենի/նուշի արտադրության ոլորտում խոշորագույն մասնավոր ընկերություն «Վանանդ» ՓԲԸ-ն:

Ծրագիրն իրականացնում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ն՝ համագործակցելով Շվեյցարիայի եկեղեցու oգնություն (HEKS/EPER) կազմակերպության, Կիրառական գիտությունների Բեռնի համալսարանի գյուղատնտեսության, անտառային ու պարենային գիտությունների դպրոցի և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) հետ: Ծրագրի ֆինանսական աջակցությունն ապահովվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀ) և մի շարք այլ ֆինանսավորող գործընկերների կողմից, որոնք են՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Ավստրիական զարգացման գործակալությունը (ԱԶԳ), Իզմիրլյան հիմնադրամը, ինչպես նաև Շվեյցարիայի եկեղեցու օգնություն կազմակերպությունը և ՌԶԳ ՀԿ-ն:

Ընդգրկելով իննամսյա նախապատրաստական փուլ՝ ծրագրի իրականացման հիմնական փուլը կտևի 8 տարի և իրականացվելու է Հայաստանի հարավային՝ Սյունիքի և Վայոց Ձորի, և հյուսիսային երկու այլ մարզերում։