NEWSARM

Կայացավ ՀՀ Բնական կերհանդակների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակի 6-րդ աշխատաժողովը

Նոյեմբերի 21-ին Երևանում կայացավ «ՀՀ բնական կերհանդակների՝ արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակ»-ի 6-րդ աշխատաժողովը, որի հիմնական նպատակն էր ներկայացնել` վերջին ամսինսներին մշակվող ՀՀ բնական կերհանդակների՝ արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարման հայեցակարգի աշխատանքային տարբերակը: Աշխատաժողովին մասնակցում էին բնական կերհանդակների ոլորտին առնչվող տարբեր նախարարությունների, ՀՀ Ազգային ժողովի, ինչպես նաև հասարակական, միջազգային և գիտական կառույցների ներկայացուցիչներ:

Միջոցառման սկզբում մասնակիցներին ողջունեցին և բեղմնավոր աշխատանք մաղթեցին ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը և ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման, ՏԻ, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ պատգամավոր Մաթևոս Ասատրյանը և նույն հանձնաժողովի փորձագետ Աշոտ Հարությունյանը: Խոսնակները կարևորեցին Հարթակի գործունեությունը՝ մատնանշելով հատկապես վերջին նախաձեռնությունների՝ այն է Սյունիքի մարզում կենդանիների կանոնակարգված տեղաշարժիկազմակերպման և Բնական կերհանդակների կայուն կառավարման հայեցակարգի մշակման ուղղությամբ տարավող աշխատանքները:

Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեց Հարթակի նոր գործընկեր «Անասնաբույժների ազգային ասոցիացիա» ՀԿ-ն:

Միջոցառման ընթացքում ներկայացվեցին արոտավայրերի կայուն կառավարման փորձի ուսումնասիրման նպատակով, Հարթակի կողմից տարբեր շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների համար կազմակերպված՝ դեպի Ղրղզստանի Հանրապետություն ուսուցողական այցի արդյունքները և քաղած դասերը, ինչպես նաև Հարթակի նախաձեռնությամբ և պետական, համայնքային և հասարակական կառույցների համագործակցության արդյունքում մշակված ՀՀ բնական կերհանդակների՝ արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարման հայեցակարգի աշխատանքային տարբերակը:

ՀՀ Բնական կերհանդակների՝ արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակը հանդիսանում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի, Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերության (ԳՄՀԸ) աջակցությամբ իրականացվող «Կենսաբազմազանության ինտեգրված կառավարումը Հարավային Կովկասում» (ԿԻԿ) ծրագրի և Համաշխարհային բանկի աջակցմամբ և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող ՀԳՌԿՄ 2-րդ ծրագրի համատեղ նախաձեռնություն:

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *