NEWSARM

Կաթ վերամշակողների համար կազմակերպվեց փորձի փոխանակման և ճանաչողական այց Լեհաստան

«Ռազմավարական Զարգացման Գործակալություն» ՀԿ-ի կողմից սույն թվականի հունվարի 28-ից մինչև փետրվարի 2-ը Հայաստանի կաթ վերամշակողների համար կազմակերպվեց փորձի փոխանակման այց դեպի Լեհաստան: Այցը կազմակերպվել էր Վարշավայի ագրարային համալսարանի հետ համագործակցության շրջանակներում: Մասնակցում էին թվով 20 մասնագետներ՝ վերամշակողներ, ինչպես «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ – հյուսիս ծրագրի» թիրախային համայնքներից, այնպես էլ «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի թիրախային համայնքներից:  Այցին մասնակցում էին, ինչպես փոքր և միջին մեծության ընկերություններ և գյուղատնտեսական կոոպերատիվներ՝ Հայկավան կաթ և Երփին, այնպես էլ խոշոր վերամշակողներ՝ Էլոլա, Մարիաննա, Սիս-Ալպ, Լոռվա Կաթ  և այլն:

Այցելության ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալ ֆերմերային տնտեսության կառավարման, կաթի արտադրության, հավաքման, տեղափոխման և վերամշակման լավագույն փորձին:  Լեհաստանի խոշորագույն կաթնամթերքի արտադրական ձեռնարկություն և ֆերմա նախատեսված այցերը հնարավորություն ընձեռեցին համագործակցություն հաստատել լեհական ընկերությունների և մասնագետների հետ, տեսնել և փորձարկել նոր սարքավորումներ, սովորել որակյալ կաթնամթերք արտադրելու  նոր լուծումներն ու մեխանիզմները:

Մեկ այլ լավ հնարավորություն էր մասնակիցների  համար այցը Central Agriculture Trade 2019 EXPO- ին, որի ժամանակ մասնակիցները  ծանոթացան Լեհաստանից  և այլ Եվրոպական  երկրներից  գործընկերների հետ, քննարկեցին հնարավոր համագործակցությունը և ծանոթացան գյուղատնտեսության ոլորտում առկա ձեռքբերումներին ու ժամանակակից և արդյունավետ լուծումներին:

Լեհաստան կատարած այցը հիանալի հնարավորություն ընձեռեց հանդիպել Լեհաստանի մասնագետների հետ, քննարկել տեղական խնդիրները և համեմատել դրանք հայկական կաթնամթերքի արտադրության ոլորտում առկա նմանատիպ խնդիրների հետ, փորձելով արդյունավետ լուծումներ գտնել կիրառելի բոլոր կաթնամթերք արտադրող  ընկերությունների համար:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *