HomePageARM, NEWSARM

Կազմակերպվեց «Կենդանիների լիարժեք կերակրումը ` որպես կենդանու մթերատվության և առողջության հիմք» թեմայով դասընթաց

«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս» ծրագրի շրջանակներում դեկտեմբերի 16-17-ը, Դիլիջան քաղաքում կազմակերպվեց «Կենդանիների լիարժեք կերակրումը, որպես կենդանու մթերատվության և առողջության հիմք» թեմայով վերապատրաստման դասընթաց: Դասընթացին մասնակցել են 35 անասնաբույժ Շիրակի, Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզերից:

Դասընթացի նպատակն էր Հայաստանի հանրապետության տարածքում գործող անասնաբույժներին ներկայացնել կերատեսակների պատրաստման, դրանց որակի վերահսկողության և սննդարարության գնահատման նոր ժամանակակից մեթոդները, ինչպես նաև ծանոթացնել տարբեր տեսակի, տարիքի, սեռի, ֆիզիոլոգիական վիճակի ու մթերատվության կենդանիների կերակրման նորմերին, օգտագործելով լիարժեք և հաշվեկշռված կերաբաժիններ կազմելու սկզբունքները՝ օրգանիզմի նյութափոխանակությունը, առողջությունը, դիմադրողականությունը, մթերատվությունն ու սերնդատվությունը կարգավորելու համար:

Դասընթացի ընթացքում անդրադարձ են կատարել հետևյալ չորս թեմաներին՝ կերի որակը և դրա ազդեցությունը կենդանու օրգանիզմի վրա, աճող կենդանիների սննդի պահանջը և նյութափոխանակությունը, հղի կենդանիների սննդի պահանջը և նյութափոխանակությունը և կաթ արտադրող կենդանիների սննդի պահանջն ու նյութափոխանակությունը:

Դասընթացին հաջորդել է նաև անասնաբուժական դեղորայքի և այլ միջոցների ցուցահանդես-վաճառք՝ անասնաբուժական նշանակության դեղորայքի և պարագաների մատակարարների ու ծրագրի թիրախային բնակավայրերի անասնապահական տնտեսությունները սպասարկող անասնաբույժների միջև համագործակցային կապեր ստեղծելու և ամրապնդելու նպատակով:

Ցուցահանդես-վաճառքի ընթացքում անասնաբույժներին հնարավորություն է ընձեռվել ձեռք բերել կենդանիների հիվանդությունների բուժման և կանխարգելման համար ժամանակակից միջոցներ, ինչպես նաև կապեր հաստատել մատակարարների հետ իրենց հեռավոր բնակավայրեր շուկայական ցածր գներով դեղորայք և այլ միջոցներ մատակարարելու նպատակով: