NEWSARM

Թարմ մսի համայնքային առաջին վաճառակետի բացումը Սիսիան համայնքում

Նոյեմբերի 12-ին Սիսիանի համայնքապետարանի ջանքերով Սիսիանում բացվեց թարմ մսի վաճառակետ, ինչը վերջ կտա համայնքում մսի փողոցային առևտրին և կնպաստի մսի շուկայի կայուն զարգացմանը: Մսի վաճառակետի հիմնումը հնարավոր է դարձել Շվեյցարիայի Զարգացման և Համագործակցության Գործակալության կողմից ֆինանսավորվող «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի շրջանակներում Սիսիանի համայնքապետարանի և «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի համագործակցության արդյունքում:

Համայնքային վաճառակետի գործարկումը կարևոր քայլ է թե սպառողների, թե միս արտադրող ֆերմերների համար: Վաճառակետի առավելություններից մեկը կայանում է նրանում, որ այստեղ սպառողը, թարմ միսը ձեռք բերելով անմիջապես արտադրողից/ֆերմերից, ստանում է անհամեմատ որակյալ ծառայություն, քանի որ ապահովված են ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան անասնաբուժասանիտարական անվտանգության և հիգիենիկ բոլոր նորմերը: Ակնկալվում է, որ համայնքային վաճառակետը նաև կնպաստի գյուղական բնակավայրերում անասնապահության զարգացմանը՝ ապահովելով ֆերմերների համար համայնքում վաճառք իրականացնելու հնարավորություն և կայուն եկամուտ:

Բացման արարողության ընթացքում իրենց ողջույնի խոսքով հանդես եկան Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, Շվեյցարիայի համադաշնության զարգացման և համագործակցության գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Զառա Ալլահվերդյանը:

Համայնքի ղեկավարը իր ելույթում շնորհակալություն հայտնեց ծրագրի աջակից կազմակերպություններին և վստահեցրեց, որ եթե վաճառակետի գործունեությունը լինի արդյունավետ, ապա քայլեր կձեռնարկվեն նույնանման կետեր ստեղծել նաև քաղաքի այլ թաղամասերում: Նա նաև շնորհակալագրեր հանձնեց Շվեյցարիայի համադաշնության զարգացման և համագործակցության գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Զառա Ալլահվերդյանին և ՌԶԳ ՀԿ նախագահ Մկրտիչ Այվազյանին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *