NEWSARM

Անասնակերի արտադրության արդյունավետ փորձի խթանումը Սյունիքի և Վայոց ձորի մարզերում

«Ռազմավարական Զարգացման Գործակալություն» ՀԿ-ն շարունակում է Սյունիքի և Վայոց ձորի մարզերում իրականացնել  «Անասնակերի արտադրության արդյունավետ փորձի խթանումը թիրախային համայնքներում» ենթածրագիրը, որը նպատակ ունի ներդնել և խթանել արդյունավետ փորձի կիրառումը տարբեր կերատեսակների արտադրության գործում: 2019թվ. ենթածրագրում ներգրաված են Սյունիքի մարզի՝ Գորայք, Սիսիան, Տեղ Կապան և Վայոց ձորի՝ Ջերմուկ, Արենի, Զառիթափ համայնքներից 80 ֆերմեր:

Ենթածրագիրը նախատեսում է աջակցել ֆերմերային տնտեսություններին իրականացնելու կերային մշակաբույսերի արդյունավետ մշակություն: Մշակվող տարածքների ընդլայնման և նոր մոտեցումների կիրառման շնորհիվ Սյունիքի և Վայոց ձորի մարզերի թիրախային համայնքներում կզարգանա կերարտադրությունը, ինչը կնպաստի կերային մշակաբույսերի առավել արդյունավետ մշակմանն ու վարելահողերի մշակման ծախսերի կրճատմանը, կերային մշակաբույսերի և անասնակերի քանակի աճին, կաթի ծավալների ավելացմանը, հետևաբար նաև ֆերմերի կայուն եկամտի ապահովմանը:

Նախաձեռնության շրջանակներում ֆերմերների համար կազմակերպվող դասընթացների ընթացքում ֆերմերին են  ներկայացվում կերային մշակաբույսերի մշակության ագրոտեխնիկան, կերային մշակաբույսերի արդյունավետությունը ընդգծող բիզնես մոդելը, ինչպես նաև տրամադրվում է անհատական խորհրդատվություն՝ տեխնոլոգիական քարտերի կազմման համար:

Ենթածրագրի հաջորդ փուլերի ընթացքում նախատեսվում է մասնակիցների հետ իրականացնել այցեր իրենց համայնքներ և գնահատել հողային ռեսուրսների վիճակը՝ հողի մեխանիկական կազմը, հողի ռելիեֆը, հողի քարքարոտությունը և հողի պիտանիությունը ցանքի համար: Դասընթացներից և հողի գնահատման ավարտից հետո ենթածրագրի երրորդ փուլը ենթադրում է մասնակիցների հետ պայմանագրերի կնքում և ծրագրի աջակցությամբ սերմերի ձեռքբերում:

2019թ. գարնանը նախատեսվում է մշակել, ընդհանուր առմամբ 89 հա վարելահող, մասնակիցների կողմից իրականացնելով՝ կորնգանի ցանք գարու ենթացանքով:

Առ այսօր, 2015թ. սկսած ծրագրի աջակցությամբ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում 558 ֆերմեր ձեռք են բերել գիտելիքներ կերային մշակաբույսերի մշակության ագրո-տեխնոլոգիայի վերաբերյալ, բարձրարժեք  կերային մշակաբույսերի ցանքի տակ  է դրվել 496 հեկտար վարելահող:

«Անասնակերի արտադրության արդյունավետ փորձի խթանումը թիրախային համայնքներում» ենթածրագիրը իրականացվում է «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացվող և Շվեյցարիայի Զարգացման և Համագործակցության Գործակալության  կողմից ֆինանսավորվող «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի շրջանակներում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *